Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բաքվի բռնապետի աշխարհաքաղաքական շնացումը

Բաքվի բռնապետի աշխարհաքաղաքական շնացումը
18.07.2026 | 19:56
(կամ՝ Շուշիի սյուրռեալիստական դիմակահանդեսը)

Երբ բռնազավթված հայկական Շուշիում անցկացվող գլոբալ մեդիաֆորումում Ալիևը դիկտատորներին բնորոշ ինքնավստահությամբ, ԽՍՀՄ տարիներն անվանում է «գաղութատիրություն» և ՈՒկրաինային կոչ անում չհամակերպվել «ռուսական օկուպացիայի» հետ, եզրահանգումը մեկն է. նրա վարքագիծը պատմական տհասության և աշխարհաքաղաքական կույր կոնյունկտուրայի՝ պահի թելադրանքի արդյունք է։
Միջոցառումն էլ՝ բռնազավթված արդարության սյուրռեալիստական դիմակահանդես։
Եթե Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (МГИМО) ավարտած պատմական գիտությունների այս թեկնածուն գոնե մեկ-երկու գիրք թերթեր ու պատմությունից տարրական գիտելիքներ ձեռք բերեր, ապա հաստատ կիմանար՝ հենց խորհրդային «օկուպացիայի» շնորհիվ է աշխարհի քարտեզին հայտնվել «Ադրբեջան» կոչվող արհեստածին կազմավորումը։
Հենց Մոսկվայի բոլշևիկյան կամքով են հայկական պատմական տարածքները՝ Արցախը և Նախիջևանը, բռնակցվել ու նվիրվել նորաստեղծ Ադրբեջանական ԽՍՀ-ին։
Անշուշտ, կիմանար նաև, որ իր սեփական հայրը՝ Հեյդար Ալիևը, այդ նույն «օկուպացիոն և գաղութատիրական» համակարգի գլխավոր ճարտարապետներից ու շահառուներից էր։
Սակայն երիտասարդ տարիներին ալկոհոլն ու ցոփ կյանքն այնպես են մթագնել սրա ուղեղը, որ այսօր փաստացի «կոլոնիալիստ» ու «կոլաբորացիոնիստ» է անվանում սեփական հորը։ Այն հորը, որը ԽՍՀՄ КГБ-ի գեներալ-մայոր էր, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը, իսկ հետո՝ խորհրդային գերտերության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալն ու ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամը։
Ալիև կրտսերը կա՛մ չափազանց կարճ հիշողություն ունի, կա՛մ պատմական կատարյալ դիլետանտ է։ Հանուն Արևմուտքի առջև քաղաքական միավորներ վաստակելու և իր այսօրվա բռնապետական դեմքը «եվրոպական արժեքներով» քողարկելու, նա պատրաստ է ջնջել սեփական ընտանիքի պատմության հիմքերը, հրապարակայնորեն ուրանալ ու ցեխ շպրտել լպրծուն նախնու՝ օկուպանտ КГБ-ականի «փառապանծ» կենսագրության վրա։
Սա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական շնացում, որտեղ սեփական անցյալը, հայրն ու պատմական ճշմարտությունը ոչինչ են՝ վայրկենական շահի և բռնապետական աթոռը պահելու տենչի համեմատ։
Ալիևը դարձել է իր իսկ հրահանգով կարված պատմական կեղծիք-զսպաշապիկի գերին։ Գողանալով հարևանների պատմությունն ու մշակույթը՝ նա այնպիսի ծուղակ է սարքել սեփական պետության համար, որից ելք չկա, քանի որ ցանկացած հետքայլ դեպի իրականություն՝ կնշանակի ինքնաոչնչացում։
Ադրբեջանական պատմագրությունը վերջին տասնամյակներում զբաղված է բացառապես հարևանների պատմության և մշակույթի յուրացմամբ։
Նրանք ալբանացրին Արցախի հայկական ողջ ժառանգությունը, իրենցը հռչակեցին պարսկական բանաստեղծներին ու մշակույթը, իսկ Երևանն անվանեցին «պատմական ադրբեջանական տարածք»։
Երբ անցյալ չունեցող պետությանդ «հիմքը» կառուցված է նման ամոթալի գրագողության վրա, դու ի վիճակի չես սթափ գնահատելու աշխարհաքաղաքական իրականությունը։
Ալիևն իրոք հավատացել է սեփական պատմաբանների հորինած հեքիաթներին, թե ինքն է աշխարհի պորտալարը։ ՈՒ տիրոջ իրավուքով կարող է «ուղերձ» հղել և՛ ՈՒկրաինային, և՛ «Արևմտյան Ադրբեջանի» իր վասալին՝ պահանջելով ինչ-որ անկլավներ, 300 000 ոչխարավորների վերադարձ՝ «պատմական հայրենիք», անգամ սպառնալ Ռուսաստանին որպես օկուպանտի։
Այս ամենը բացահայտում է Իլհամ Հեյդար օղլու անսահման ցինիզմն ու վտանգավոր լարախաղացությունը, որով փորձում է հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի միջև։
Սույն օղլուն ճգնում է գաղափարական «իմունիտետ» ստեղծել։
Նրա համար կենսական նշանակություն ունի միջազգային իրավունքի այն թեզը, որ տարածքային ամբողջականությունն անխախտելի է։
ՈՒկրաինային աջակցելով և հայկական Շուշիից օկուպացիայի դեմ պայքարի կոչ հնչեցնելով՝ նա փորձում է լեգիտիմացնել Արցախի նկատմամբ իրականացրած սեփական ագրեսիան։
Նրա տրամաբանությունն այսպիսին է․
«Եթե ՈՒկրաինան իրավունք ունի զենքով ազատագրել իր տարածքները, ապա ես նույնպես ունեի այդ իրավունքը»։ Սրանով նա Արևմուտքի աչքերում փորձում է արդարացնել հայաթափումն ու էթնիկ զտումները՝ դրանք փաթեթավորելով «միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնման» լույսի ներքո։
Ադրբեջանը, լինելով բացարձակ բռնապետություն, մշտապես գտնվում է եվրոպական կառույցների և ԱՄՆ-ի քննադատության թիրախում․ մարդու իրավունքների, քաղբանտարկյալների և ժողովրդավարության բացակայության պատճառով։
ՈՒկրաինայի հարցում նման «սկզբունքային» և հակառուսական թվացող դիրքորոշում ընդունելով՝ Ալիևն Արևմուտքին հաճոյանալու էժան միավորներ է վաստակում։
Սա նրան թույլ է տալիս Եվրոպային ասել․
«Ես ձեզ հետ նույն արժեքներն եմ կիսում և դեմ եմ ռուսական ագրեսիային»։
Ամենացավոտն այն է, որ հիշյալ հայտարարություններն արվում են բռնազավթված և հայաթափված Շուշիում։ Մի քաղաքում, որտեղից բնիկ հայ բնակչությունը վտարվել է հենց Ալիևի իրականացրած ագրեսիայի և օկուպացիայի պատճառով։ Նա խոսում է ՈՒկրաինայի տարածքների օկուպացիայի անթույլատրելիության մասին՝ կանգնած լինելով իր իսկ օկուպացրած ու ավերած հայկական մշակութային ժառանգության փլատակների վրա։
Իլհամ Հեյդարովիչը կարծում է, թե Ռուսաստանից հեռանալով և Թուրքիայի (անուղղակիորեն Արևմուտքի) գիրկն ընկնելով՝ ազատություն է ձեռք բերել։
Բայց մի տիրոջից մյուսին անցնելը սուվերենություն չէ, այլ ընդամենը կախվածության ձևաչափի փոփոխություն։
Այսօր Ադրբեջանին ամբողջությամբ կլանել է Թուրքիան՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։ Ալիևն առանց Էրդողանի թույլտվության ռազմավարական և ոչ մի քայլ չի կարող անել։ Իսկ Թուրքիայի հետաքրքրությունները միշտ չէ, որ համընկնելու են Ադրբեջանի շահերին։
Ալիևի «խորհուրդները» ՈՒկրաինային կամ Ռուսաստանի դեմ նրա անուղղակի դեմարշները ոչ թե պատմական գիտելիքի կամ սկզբունքայնության արդյունք են, այլ սեփական անպատժելիությունից գլխապտույտ ունեցող դիկտատորի տհասություն։
Նա չի հասկանում՝ Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի պատմության դասագիրքերը գրվում են ոչ թե Բաքվի նավթային գրասենյակներում, այլ շատ ավելի գլոբալ կենտրոններում։ Իսկ այդ դասագրքերի վերջին էջերում նման «լարախաղացների» համար սովորաբար տխուր վախճան է նախատեսված։
Ալիևն այնպիսի խորը քաղաքական ամնեզիայի մեջ է, որ չի էլ կամենում մտաբերել՝ առանց ռուսական կայսերական պլատֆորմի և հայկական ձեռներեցության, կապիտալի ու մտավոր ներուժի՝ Բաքուն այսօր պարզապես գոյություն չէր ունենա որպես արդյունաբերական ու տնտեսական կենտրոն։ Այն կմնար ձկնորսական ու աղի առևտրով զբաղվող, կիսաավազակային խուլ նահանգային քաղաք։
Եթե բացենք պատմական այդ շերտը, կտեսնենք այն ցնցող փաստերը, որոնք Ալիևն ու իր գրպանային պատմաբաններն ամեն կերպ փորձում են արմատախիլ անել հիշողությունից։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին Բաքվի նավթային տենդի գլխավոր դերակատարները ոչ թե թաթարներն էին՝ իմա՝ մինչ այդ գոյություն չունեցած ադրբեջանցիները, այլ հայ ձեռներեցներն ու մտավորականները։ Ալիևի ցեցոտած հիշողությունը խուսափում է պատմական լեգենդներից՝ Ալեքսանդր Մանթաշյանց, Միքայել Արամյանց, Ղուկասով եղբայրներ, Լիանոզովներ, Մայիլովներ, Գալուստ Գյուլբենկյան և տասնյակ այլ մեծություններից։
Ալեքսանդր Մանթաշյանցի ընկերությունը մի պահ վերահսկում էր Բաքվի նավթի արդյունահանման և արտահանման ավելի քան կեսը։ Հենց նա ֆինանսավորեց ու կառուցեց աշխարհում առաջին խոշոր՝ Բաքու-Բաթում նավթամուղը։
Իսկ մինչ երիտասարդ Գալուստ Գյուլբենկյանի գիտական աշխատանքները, Եվրոպան բավականին աղոտ պատկերացում ուներ Ապշերոնյան թերակղզու հսկայական ներուժի մասին։ Իր «Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճամփորդական հուշեր» հանճարեղ գրքով և ֆրանսիական հեղինակավոր «Revue des Deux Mondes» ամսագրում տպագրված հոդվածներով Գյուլբենկյանն աշխարհին ներկայացրեց Բաքուն որպես ամերիկյան Փենսիլվանիայի հզոր մրցակից՝ ստիպելով արևմտյան խոշոր կապիտալին շրջվել դեպի Ապշերոն։
Գյուլբենկյանը ոչ միայն գիտնական էր, այլև աշխարհաքաղաքական մեծագույն միջնորդ։ Բաքվում ձեռք բերած կապերի և տեղի նավթային շուկայի խորը իմացության շնորհիվ նա հետագայում կարողացավ միավորել համաշխարհային հսկաներին. հենց նա դարձավ հոլանդական Royal Dutch և անգլիական Shell ընկերությունների պատմական միավորման առանցքային ճարտարապետը, որոնք Բաքվում, մասնավորապես՝ Ռոտշիլդների հետ համատեղ, ունեին հսկայական շահեր ու գործարաններ։
Բաքուն Գյուլբենկյանի համար եղավ այն տեխնոլոգիական լաբորատորիան, որտեղ նա հասկացավ գլխավորը՝ նավթը միայն վառելիք չէ, այլ աշխարհը կառավարելու և սահմաններ գծելու գործիք։ Տեսնելով, թե ինչպես են Բաքվի համար մրցակցում տեղի նավթարդյունաբերողները արևմտյան տիտանների՝ Նոբելների ու Ռոտշիլդների հետ, նա մշակեց «համատեղ կոնսորցիումների» իր հանճարեղ մոդելը, որը հետագայում հիմք դարձավ Միջին Արևելքի նավթային քարտեզի համար։
Այսպիսով, եթե Մանթաշյանցն ու Նոբելները կերտում էին Բաքվի նավթարդյունաբերության ֆիզիկական մարմինը (հորատանցքեր, գործարաններ, խողովակաշարեր), ապա Գալուստ Գյուլբենկյանը կերտեց դրա ինտելեկտուալ, ռազմավարական և աշխարհաքաղաքական միտքը։
Հայերը Բաքվում սոսկ սեփականատերեր չէին. նրանք առաջատար ինժեներներն էին, քիմիկոսներն ու տեխնոլոգները, որոնք նավթի արդյունահանումը տնայնագործական տառապանքից բարձրացրին համաշխարհային ինդուստրիալ մակարդակի։
Եվ այս ամենից հետո, սեփական պատմությունն ու հորն ուրացող Բաքվի բռնապետի՝ Շուշիում հոխորտալը և պատմությունից դասեր տալը ոչ այլ ինչ է, քան սեփական սնանկությունը կեղծ փետուրներով քողարկելու պրիմիտիվ փորձ։
Բաքվի նավթի զարգացումը հնարավոր դարձավ բացառապես Ռուսական կայսրության կազմում լինելու շնորհիվ։
Ռուսաստանն ապահովեց միասնական, հսկայական շուկա, ներդրումային անվտանգություն և ենթակառուցվածքներ՝ երկաթուղի, նավահանգիստներ։
Առանց ռուսական կապիտալի, պետական հովանավորչության և միջազգային կապերի՝ Բաքվի նավթը երբեք չէր հասնի եվրոպական ու համաշխարհային շուկաներ։
Մինչ հայկական, ռուսական և արևմտյան (օրինակ՝ Նոբել եղբայրների) կապիտալը կառուցում էր ժամանակակից Բաքուն, տեղի թաթարական բնակչությունը հիմնականում ներգրավված էր ցածր որակավորում պահանջող սևագործ աշխատանքներում։
Սա ստեղծել էր լուրջ կրթական, մշակութային և սոցիալական անդունդ։
Հենց այս համալիրը՝ հայերի տնտեսական ու մշակութային ակնհայտ գերակայությունը Բաքվում, հետագայում ծնեց այն վայրագ նախանձն ու ատելությունը, որոնք հանգեցրին 1905 և 1918 թվականների հայկական կոտորածներին։ Նրանք փորձում էին արյամբ ու թալանով տիրանալ այն հարստությանը, որն իրենց ուղեղով ու աշխատանքով չէին ստեղծել։
Ալիևը կա՛մ ընդհանրապես չգիտի տարածաշրջանի իրական պատմությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, ստիպված է ամեն օր ստել սեփական հանրությանը, որպեսզի հանկարծ ադրբեջանցի ժողովուրդը չհարցնի.
«Եթե հայերն ու ռուսներն են ստեղծել մեր տնտեսության հիմքը, մենք ի՞նչ ենք արել, բացի պատրաստի հարստությունը յուրացնելուց»։
Երբ Ալիևն այսօր Ռուսաստանին անվանում է «գաղութատիրական» ուժ, իսկ տարածաշրջանի բնիկ տերերին՝ հայերին՝ «եկվորներ», նա բացահայտորեն մարտահրավեր է նետում ժողովրդական հանրահայտ իմաստնությանը. «Մի՛ թքիր այն աղբյուրի մեջ, որից ջուր ես խմում»։
Սակայն պատմության անողոք տրամաբանությունը հուշում է՝ նրան շա՜տ դաժանորեն է պատժելու հենց ա՛յն «աղբյուրը», որից տասնամյակներ շարունակ սնվել ու մեծացել է իր արհեստածին պետությունը, բայց որի մեջ այս երախտամոռ բռնապետը թքում է ամեն հարմար առիթով՝ արևմտյան լսարանների առաջ կեցվածք ընդունելիս։
Այս քաղաքականապես կուրացած դժբախտը մոռանում է մի պարզ, բայց երկաթյա ճշմարտություն. չլինեին ռուսական կայսերական վարչարարությունն ու հայկական տաղանդը, միտքն ու կապիտալը, ապա այսօր աշխարհում գոյություն չէին ունենա ո՛չ Բաքվի նավթային էլիտան, ո՛չ ադրբեջանական պետականակերտման պատրանքը, և ո՛չ էլ, առավել ևս, Ալիևների կլանի թալանած բազմամիլիարդանոց կայսրությունը։
Նա, ով փորձում է սեփական տան հիմքերը փորել ու պատմության էջերը սրբագրել կեղծիքով, դատապարտված է տեսնելու, թե ինչպես է այդ նույն պատմությունը հեղեղի պես քանդելու «թղթե» տնակը՝ իրեն թաղելով սեփական ստերի փլատակների փոշոտ շերտերում։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ